ՍեվանԱ լիճ

Երկարություն`   78 կմ
Լայնություն`   56 կմ
Մակերես `  1243 կմ2
Ծավալ`   33.2 կմ3
Ամենամեծ խորություն`   100 մ
Միջին խորություն`   30 մ
Թափանցելիություն`   4.5 մ
Ավազանի մակերես`   3647 կմ2

Սևանա լիճ (նաև`   Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։  Ծովի մակերևույթից բարձր է 1900 մ: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։ՁկնատեսակներըԼճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Ջրի մակարդակի իջնելը, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը`   Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:

Ավանդազրույցներ

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:

Գոյություն ունի լճի անվանման ծագման ևս մեկ ավանդություն․

  • Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի/ սկզբնակետ, որտեղից բխում է աղբյուրը/ մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

Գեղարքունիքի մարզ

Մարզկենտրոնը`   Գավառ (քաղաք)
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կամոյի անվան շրջան, Կրասնոսելսկի շրջան, Մարտունու շրջան, Սևանի շրջան, Վարդենիսի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   87 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   93 բնակավայր
Ընդհանուր տարածք`   5,348 կմ²
Բնակչության թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   278,600
Բնակչության խտությունը`   52.1/կմ²Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները:

Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը`   պատմական Գավառականի տեղում: Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է`   սկզբում Նոր Բայազետ, ապա`   Կամո:Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությունը գյուղատնտեսությունի բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով: Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական`   մարզային նշանակության կենտրոններ:Մարզի երկրորդ քաղաքը Սևանն է (նախկին`   Ելենովկա), որը հիմնադրել են XIXդ. առաջին կեսին կենտրոնական Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորները: Քաղաքի արագ զարգացմանը նպաստել է նրա հարմարավետ աշխարհագրական դիրքը`   Երևան-Իջևան ու Երևան-Գավառ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկի վրա:

Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրեր

Հայրավանք

Հայրավանք վանական համալիրը հիմնադրվել է IX-XII դդ: Համալիրը ներառում է տարբեր տարիներին կառուցված շինություններ՝ եկեղեցի, մատուռ և գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս կարող եք տեսնել խցերի և տնտեսական շենքերի ավերակներ։ Եկեղեցու նեղ պատուհաններից ներթափանցող արեգակի շողերը լուսավորում են կառույցը ներսից: Ենթադրվում է, որ ճարտարապետը միտումնավոր է օգտագործել արևի լույսը՝ եկեղեցին ներսից զարդարելու նպատակով։ Վանական համալիրից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը և նրա շրջակայքը։

1.Հայրավանքն ունի ևս մեկ անուն՝ «Մարդաղավնյաց»: Անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու կողմից գրի առած մի ավանդության հետ, որի համաձայն ՝ 1381 թ. Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհաննեսը, Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։
2.Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։ 1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։
3.Հայրավանքը հայկական ճարտարապետության եզակի օրինակներից է. բոլոր խորանների ներքին կլորությունը դրսից հիանալի երևում է: Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան․ արևմտյանը բացվել է ավելի ուշ: 19-րդ դարի 50-ականներին և 70-ականներին այս տարածքում անցկացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են՝ վաղ բրոնզեդարյան սև անոթի բեկոր, Միջին բրոնզի դարին վերաբերող գունազարդ անոթների բեկորներ, ինչպես նաև կավե կուռք, բազմազան անոթներ, սուզակներ, կրակարաններ և այլն։

Մաշտոցներ

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ «Մաշտոցներ» անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ (897-898 թթ.)։ Մաշտոցը  ծնվել է 833/4 թվին Եղվարդ գյուղում։ Ուսանել է Մաքենացվոց վանքում և դարձել տեղի միաբան, այնուհետև անցել է «Արտավազդա ապարանք» կոչված ավելի խստակրոն անապատը։ Ապա առանձնանալով՝ 862 թ. եկել է Սևանի կղզու հանդիպակաց՝ վերոնշյալ «Մաշտոցներ» լեռներում ճգնելու։ Մի սառնորակ աղբյուրի մոտ շինել է ճգնարան ու այնտեղ երկար ժամանակ ապրել է աղոթալից ու սրբակենցաղ վարքով։ Այստեղից էլ անցել է Սևանի կղզին, հիմնել միաբանություն և Մարիամ թագուհու նվիրատվություններով կառուցել եկեղեցիներ։ Մաշտոց ճգնավորի կառուցած ճգնարանը դարերի ընթացքում ավերվել և դարձյալ վերանորոգվել է։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով 1970-ական թթ.։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ ու նախանձախնդիր հավատացյալների կողմից։ Չնայած հավատացյալների՝ մատուռը որպես հայկական քրիստոնեական սրբավայր պահելու ջանքերին, այն հագեցած է տարբեր տեսակի հայկական ու ոչ հայկական նկարներով, որոնց ժողովուրդն անվանում է սրբապատկերներ, կոտրված ու չօծված խաչերով, թաշկինակներով և այլ ոչ պիտանի իրերով։ Ինչպես Հայաստանում շատ մատուռներ, այս մատուռը ևս կարիք ունի եկեղեցու կողմից վերահսկողության և ուղղադավան, եկեղեցական ավանդական մի շարք բարենորոգումների կամ փոփոխությունների։ Այնքան մեծ են Մաշտոց հայրապետի աղոթքների զորությունն ու բարերար ազդեցությունը հատկապես այստեղ, որ ոչ միայն տեղացիներ, այլև տարբեր վայրերից հավատացյալներ գալիս են խնդրելու սրբի բարեխոսությունը և գոհունակությամբ վերադառնում։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն։