«Իմ մանկությունը անց եմ կացրել աստվածային շռայլության մեջ…»
Հովհաննես Թումանյանը ծնվել է Հայաստանի հյուսիսային չքնաղ անկյուններից մեկում՝ Լոռվա լեռնային շրջանի Դսեղ գյուղում:
Լոռին ունի պատմական հարուստ անցյալ: Այն դեռևս մ. թ. ա. 3-րդ դարի վերջերից կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր կամ Տաշրատափ գավառը: Այդտեղ 10-րդ դարի վերջերին կազմավորվել է Կյուրիկյան (Տաշիր-Ձորագետի կամ Լոռու) թագավորությունը՝ ձեռք բերելով քաղաքական անկախություն:
Լոռու բարձրավանդակը, որպես անառիկ պատնեշ, դարեր շարունակ եղել է օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի կենտրոններից մեկը:
Լոռու լեռնային շքեղ բնապատկերն ամբողջացնում է Ձորագետի ու Փամբակի միացումից ծնվող Դեբեդ գետը, որի զառիթափ ձորալանջին գտնվում են պատմահնագիտական մեծ նշանակություն ունեցող այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Սանահինը, Հաղպատը, Քառասնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ ս. Գրիգորի վանքը և այլն:
Հուշարձաններով հարուստ խոր ձորի միջով հոսող Դեբեդի աջակողմյան ձորափին էլ՝ մի բարձր հարթավայրի վրա, տարածվում է Դսեղ գյուղը:
Դսեղի տեղագրության ու պատմամշակութային արժեքի համընդգրկուն ու դիպուկ նկարագրությունը տալիս է ինքը՝ բանաստեղծը. «Դսեղ գյուղը… կղզիացած է Լոռու անդնդախոր ձորերի մեջ գտնվող մի փոքրիկ հարթավայրի վերա, երեք կողմից ձորերով, ժայռերով և չորրորդ կողմից՝ հարավից, մի փոքրիկ լեռնաշղթայով պատած… Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է բնակերտ ամրոցի»:
Այս լեռնային բնության գրկում է անցկացրել Թումանյանն իր մանկությունը՝ վայելելով լեռնային անմահական օդը, լեռնային կյանքի ազատությունն ու խաղաղությունը:
Հայրենի Լոռին իր հիասքանչ բնությամբ եղել է բանաստեղծի ոգևորության անսպառ աղբյուրը, իսկ դեռ մանկուց լսած ու սիրած ժողովրդական երգերն ու զրույցները, հեքիաթներն ու լեգենդները՝ նրա ստեղծագործության առատ սնունդը:
ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՆԱԽՆԻՆԵՐԸ
«Լոռու քաջերի կյանքից…»
Ըստ տոհմական ավանդության՝ Թումանյանները սերում են Մամիկոնյան նախարարական տան Համազասպյան ճյուղից, որը 10-11 դարերում Տարոնից գաղթել և բնակություն է հաստատել Լոռու Դսեղ գյուղում:
Այդ են հաստատում 13-17-րդ դարերի մատենագրական և վիմագրական մի քանի աղբյուրներ, որոնցում Թումանյան և Մամիկոնյան ազգանունները հիշատակվում են որպես միևնույն տոհմանուններ:
Թումանյանը ևս իրեն համարել է Մամիկոնյաններից սերված, ուստի պատահական չէ, որ 80-90-ական թվականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց-Մամիկոնյան» կնքադրոշմը:
Ավելին՝ տոհմագրության ուսումնասիրության համար առկա հավաստի աղբյուրների և ավանդությունների հիման վրա 1887 թ. բանաստեղծը գրել է իր նախնիների «վարքագրությունը»՝ խորագրելով այն «Գործք հարանց»: Ավելի ուշ՝ 90-ական թվականներին էլ, կազմել է իր տոհմի ճյուղագրությունը, որը հասնում է մինչև Թումանյանին նախորդող յոթերորդ սերունդը՝ բանաստեղծի ապուպապի հոր՝ Բարխուդարի ծնողներին՝ Թումանին և Գեոկչակին՝ Թուման—Բարխուդար—Մեհրաբ—Հովակիմ— Հովհաննես աղա (բանաստեղծի պապը)- Ասլան (Տեր-Թադևոս՝ բանաստեղծի հայրը)- Հովհաննես (ինքը՝ բանաստեղծը):
Թումանյանը, իր նախնիների «վարքագրությունը» սկսելով Թումանի ու Գեոքչակի որդուց՝ Բարխուդարից, համեմատաբար հանգամանորեն անդրադարձել է վերջինիս անդրանիկ որդուն՝ Մեհրաբին: Թումանյանների տոհմացուցակում Մեհրաբի ծննդյան թվականը նշված է 1740-ը: «Լոռվա ձորերի նահապետը» իր մեջ մարմնավորում էր իգիթի բարոյական անխախտ սկզբունքները: Նա խելացի, արթուն և արի նահապետ էր. բարձրահասակ ու հաղթանդամ, հուժկու ձայնով և հինա դրած երկար մորուքով: Հայտնի է, որ Մեհրաբը ամուսնացած է եղել ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր՝ Շահրուբանի հետ և վախճանվել է խոր ծերության մեջ: Մի առիթով Թումանյանը հիշել է, որ Մեհրաբն ապրել է 120 տարի, հետևապես նրա մահվան թվականը պետք է ընդունել 1860-ը: Նրա անունով Թումանյանները ժառանգել են «Մեհրապանք», իսկ երկարակեցության համար էլ՝ «Ղուզղունի ազգ» մականունները:
Թումանյանների տոհմական վավերագրերից տեղեկանում ենք նաև, որ Մեհրաբը եղել է Դսեղի գյուղապետ և կոչվել է «յուզբաշի»:
«Գործք հարանց»-ի մի զգալի մասը վերաբերում է Մեհրաբի ավագ որդուն՝ Հովակիմ յուզբաշուն: Նա ևս Լոռվա քաջ իգիթներից էր և հոր մահից հետո կառավարչի ամենայն հմտությամբ ստանձնում է նահապետի պաշտոնը: Նա հռչակվում է հատկապես 1826-27 թթ. ռուս-պարսկական պատերազի ժամանակ: Պատմական վավերագրերը վկայում են Հովակիմի քաջագործությունների մասին, որոնց շնորհիվ այդ ժամանակաշրջանի ռուսական կառավարությունը ճանաչել է նրա իշխանությունը Դսեղի շրջանում և ցանկանալով սիրաշահել այդ հերոսին, պետական պաշտոն ու աստիճան է տվել Հովակիմի որդուն՝ Հովհաննեսին՝ բանաստեղծի պապին:
Խաչատուր Աբովյանը ստեղծագործական վառ երևակայության և անձնական տպավորությունների արդյունքում իր «Վերք Հայաստանի» վեպում տվել է առավելապես Հովակիմի դյուցազնական կերպարի էպիկական նկարագրությունը, իսկ Թումանյանն իր «Քաջերի կյանքից» պատմվածքում՝ նրա հոր՝ Մեհրաբի:
Հովակիմին հաջորդել է նրա ավագ որդին՝ Հովհաննես Հովակիմի Թումանյանցը (Հովհաննես աղա) (1795-1868)՝ բանաստեղծի պապը:
1826-27 թթ. նա ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ծառայել է ռուսական բանակում՝ որպես պարսկերենի թարգմանիչ: Ինչպես փոխանցում են վավերագրերը, Հովհաննես աղան մի շարք պատերազմներում ցուցաբերած մարտական սխրագործությունների և արիության համար արժանացել է սպայական բարձր աստիճանի և շքանշանների: Բացի այդ, նա ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի զանազան վայրերում ճանապարհներ կառուցելու գործում: Նրա շնորհիվ է, որ Լոռվա բնակչությունը ձեթի ճրագների փոխարեն սկսել է գործածել մոմ: Նա Ռուսաստանից բերել էր նաև հայելի, նկարներ և այլն:
Ժամանակակիցների վկայությամբ ՝Հովհաննես աղան օժտված լինելով մարդկային բարձր հատկանիշներով՝ վայելում էր ընդհանուրի սերն ու հարգանքը. նա հյուրասեր էր, զրուցասեր, սրախոս ու զվարճասեր:
Նրա անունով Թումանյանների տոհմը կոչվել է նաև «Աղոնք»: