եղիշե Չարենց ռուբայիներ

Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» — քառյակ, արաբ․, բառացի՝ քառապատկված), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։

I

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

III

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

VI

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

XI

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

XIII

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

XIV

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

XVI

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

XVIII

Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.
Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…
Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս:

XXIII

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

XXXIII

Մտե՜լ են տոնական դռներից — և դրախտ են կարծել այս տունը.
Սահմանված ձեռքով մի վերին՝ անխա՛խտ են կարծել այս տունը։—
Ետևի դռներից մենք մտանք՝ քանդելով սյուներն ու հիմերը—
Եվ գիտենք՝ ձեռքերով ձեր շինած մի զնդա՛ն է անձև այս տունը։

XXXVIII

Քեզ տրված է կյանքը, որ լինես՛— ու ոչինչ երազ չթվա,
Որ կյանքում քո կյանքը շինես— ու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ ես դու այն, որ գալիս է,
Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։

XL

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։

XLIII

Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ տրվի.
Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու լինում անվերջ—
Եվ գուցե քեզ մահը միայն միանգամ ընդմիշտ տրվի։

XLIV

Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։

ԱՆԾԱՆՈԹ ԲԱՌԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

հունտ — հատիկ, սերմնահատ, ունդ, հունտ: Սերմանյութ, սերմ

գալիք — ապագա, հետագայում լինելու՝ կատարվելու դեպք՝ իրողություն

անհատնում — չհատնող, չսպառվող, անվերջ

հատնում — հատնելը, նվաղանք, սպառվել, վերջանալ

վառք

հար — կից, կողքին, համաձայն, համապատասխան, շարունակ, անդադար, միշտ

վատնում — շռայլում, սպառում, փչացում

դարձ — ետ դառնալը, վերադառնալը

լոկ — սոսկ, միմիայն, միակ

զնդան — 1․ դարբնի սալ 2․ խավար բանտ

գերում — գերել 1․ գերեվարել, գերի տանել, գերի բռնել, գերի վերցնել, գերել-գերբել (բրբ.): 2. Դյութել, հրապուրել, գրավել, կախարդել, հմայել, թովել, զմայլեցնել, առինքնել, գայթակղել, խելքից հանել, խելքահան անել, խելքամաղ անել

հուրհուրալ — բորբոքվել, արծարծվել, թեժանալ, խանդավառվել, բուռն զգացմունքներով տոգորվել, հուզվել

կոփվել — 1. Կռանվել, դարբնվել, ծեծվել, (հզվդ.) կոփահարվել, մրճահարվել, կռանահարվել: 2. Տաշվել, կոկվել, հարթվել: 3. Դաստիարակվել, մարզվել, վարժվել, խստավարժվել

ՌՈՒԲԱՅԻՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

I

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

Կյանքը դադար չունի ու ամեն վարկյանը կյանքի փոխվում է, դրա հետ փոխվում ենք նաև մենք։ Մենք կարող ենք ուրախանալ և ծիծաղել, բայց հաջորդ վարկյանին կարող է մի այնպիսի բան տեղի ունենալ, որ ստիպի մեզ տխրել և այդ դեպքում ուրախությունը մնում է անցյալում։

Մենք ներկայում պլանավորում ենք մեր ապագան և այդ ապագան սնվում է ներկայից։ Ես այս գործընթացը տևում է մեր ամբողջ կյանքի ընթացքում։

XVI

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

Ոչինչ չի կրկնվում, անգամ եթե մենք այդ գործողությունը արդեն արել ենք մի քանի անգամ, կամ այդ բանը տեսել ենք մի քանի անգամ, դրանք բոլորը տարբեր են, դրանք բոլորը նոր են տեղի ունենում և հնի կրկնությունը չեն։ Ինչպես նաև նույն ճամփան մենք մի անգամ ենք անցնում, եթե նույնիսկ մենք ամեն օր քայլում ենք այդ ճամփով։ Ամեն մի օրը մեր կյանքում դա նոր է։

XXIII

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

Կան մարդիկ, ովքեր տեսնում են միայն առարկայի կամ մարդու միայն արտաքին տվյալները և կարծքի են կազմում միայն իրենց տեսածից։ Օրինակ, չի կարելի առանց գիրքը ընթերցելու կարծիք կազմել այդ գրքի մասին, քանի դեռ մեզ ծանոթ չէ այդ գրքի բովանդակությունը կամ չի կարելի մարդու մասին կարծիք կազմել միայն նրա արտաքին տեսքից ելնելով, քանի դեռ մենք չգիտենք թե ինչպիսի մարդ է նա։ Մարդ կարող է շատ գեղեցիկ արտաքին ունենալ, բայց խոսելու ընթացքում հասկանալի դառնա, որ այդ մարդը տգետ է կամ բարի չէ և հակառակը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով