Չարենցյան ընթերցարան

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Բառերի բացատրություն

արևահամ-արևի ջերմությամբ գոյացած համ: Շատ քաղցր՝ անուշ

բար-նորատունկ ծառի առաջին պտուղը, երախայրիք

վառման-վառ, բորբոքուն, ջերմ

հեզաճկուն-հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն

լուսե-լույսից բաղադրված՝ կազմված, լուսեղեն

վսեմ-բարձր՝ վեհ բովանդակություն՝ Էություն ունեցող, վեհ, ազնիվ: Վեհ գաղափար՝ նպատակ

երկաթագիր-հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին

արնավառ-արյունով վառված, արյան գույնով ներկված

յար-սիրելի անձ, սիրեկան, սիրած

լուսապսակ-փառքով պսակված, փառապսակ կրող, փառքի արժանի՝ արժանացած

անհաս-ոչ հասանելի, անմատչելի

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Բառերի բացատրություն

խորշոմներ-մաշկի ծալքավորումից առաջացած ակոսիկ, կնճիռ

հեծեծել-վշտից հառաչանքներ արձակել, սաստիկ ու տևականորեն հեծել, ախ ու վախ անել

մտորել-մտածմունքների մեջ ընկղմվել, խորհրդածել, մտմտալ

օրրել-օրորել

անծիր-ծիր՝ սահման չունեցող, անծայրածիր, անսահման

դառնաղի-դառն և աղի


Ո՞վ կհանդիպի…

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ։
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ։

Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կhիանա անսուտ հրճվանքով։
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով։

Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին —
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին։

Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր—
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր։—

— Ողջո՛ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՛ւն քեզ, հեռավոր եղբայր.
— Ողջո՜ւյն ձեզ, վաղվա չծնված կյանքեր։

— Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի…

Բառերի բացատրություն

հոգեհամբույր-հոգի համբուրող՝ գգվող, հոգեպարար

հրճվանք-հոգեկան մեծ բավականություն, ցնծություն, մեծ ուրախություն

վսեմ-բարձր՝ վեհ բովանդակություն՝ Էություն ունեցող, վեհ, ազնիվ: Վեհ գաղափար՝ նպատակ

հեկեկալ-ընդհատ-ընդհատ շունչ քաշելով լալ

անսուտ-չստող, սուտ չասող, ճշմարտախոս

անրջանք-երազանք

տագնապ-անհանգստություն, հուզմունք, խռովություն

մուժ-մառախուղ, մեգ, մշուշ

մենավոր-մենակ, միայնակ, մեկուսացած

 

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․

Բառերի բացատրություն

դոփել-ոտքով գետնին խփել

պայտ-բանող անասունների (ձիու, ջորու, էշի, նաև եզան) սմբակի կամ կճղակի չափսով ու ձևով պատրաստված մետաղյա թիթեղ, որ խփում են սմբակին (կճղակին) վնասվելուց և սայթաքումից

քունք-գանգի կողքային մասը՝ ականջից մինչև ճակատը

https://youtube.com/shorts/w_yPh2WDuT4?feature=share

Անվերնագիր



Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս…
Իբրև ծերունի մի թերթավաճառ՝
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում։
Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն՝
Տարածված ամբողջ քաղաքի վրա։
Եվ համր մի պահ՝ գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը՝ արդեն հավիտյան հանգած։
Եվ մարդիկ՝ երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ՝ միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ՝ անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք՝
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղո՜ւց չկամ,—
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած՝
Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ
Եվ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ…
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշի,
Եվ հոգիներում, ինչպես հուշ հառնի,—
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի։
Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն՝ իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան…
Եվ դեմքով տխուր և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահմա՜ն ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն…
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե։
Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա՝
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա։ —
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ ինչպես կյանքում՝ տարինե՜ր առաջ,
Հուշերում հանկարծ անցյալը բուրի,
Երազանքներում գուցե իմ անցած
Եվ արդ իմ հառնած գրքում հուշերի…
Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,
Արդեն չի հառնի և ոչ մի գրքում
Եվ ո՛չ մի գրքում՝ աշխարհում գրած,
Եվ ո՛չ մի գրքում, և ո՛չ մի գրքում…

Բառերի բացատրություն

տրտմություն-հոգեկան ընկճվածության՝ տխրության զգացում, տխրություն, թախիծ

աղետ-դժբախտություն, չարիք, շատ ծանր դժբախտ պատահար

այրի-ամուսինը մեռած և այլևս չամուսնացած կին

տխրատեսք-տխուր տեսք ունեցող

հուշիկ-կամաց, հանդարտ, կամացուկ, հանդարտիկ, մեղմ, մեղմիկ, կամաց-կամաց

դժնի-դաժան, չար, անագորույն: Ահռելի, սոսկալի: Տաժանելի, դժվարին, անտանելի: Դաժանություն արտահայտող

համր-պոսելու ունակությունից զուրկ: Չխոսող, ձայն ու ծպտուն չհանող, լռություն պահպանող, լուռ, լռակյաց

անհաղորդ-մասնակցություն չունեցող, ոչ մասնակից, բաժին չունեցող: Անտեղյակ:

ֆանտաստիկ-երևակայական, երևակայության պտուղ հանդիսացող: Անիրական, ցնորական: Կախարդական, հեքիաթային

առասպել-հին ժողովրդական զրույց աստվածների ու դիցաբանական հերոսների և աշխարհի ու կյանքի ծագման մասին

անգետ-անտեղյակ, անիրազեկ, անգիտակ, անլուր, տգետ

լոկ-միմիայն, միակ

բոթ-վատ լուր

սարսած-սարսափած, վախեցած

հառնել-վեր կենալ, ելնել

նաշ-դագաղ կամ պատգարակ՝ մեռելը գերեզման տանելու համար:

սավառնել-թռչել, թևածել, օդի միջով ընթանալ

թախիծ-տխրություն, կսկիծ, տրտմություն

բանալ-բացել, բաց անել

տարտամ-դանդաղ, դանդաղաշարժ, համրընթաց: Տարտամ հոսանքով ծփում էր գետն այդտեղ

գոցել-փակել

արդ-այժմ, ներկայումս, հիմա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով