ԱՐԾԻՎՆ ՈԻ ԿԱՂՆԻՆ

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ

Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,

Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով

Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,

Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:

Արաջադրանքներ

  • Գրի՛ր տրված բառեր բացատրությունը

հուժկու-կորովի, ուժեղ, հզոր

տկար-թույլ, ուժը պակաս

հևալ-արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել

անկոտրում-չկոտրվող, անկոտրելի, համառ

թիկնած-թիկունքով հենվել մի բանի, թիկն տա

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները

վիճել-հակաճառել, վիճաբանել

պինդ-ամուր, դիմացկուն,

սաստիկ-ուժգին

արքա-թագավոր

անզոր-տկար

փոթորիկ-մրրիկ, հողմ

հսկա-աժդահա

  • Նկարագրիր կաղնուն:

Համառ, հպարտ, փարթամ, կանաչ, հինավուրց

  • Քան՞ի տարի է ապրում կաղնին:

Կաղնին ապրում է 500-600 (երբեմն՝ մինչև 1000 և ավելի) տարի։

  • Տեքստից դուրս գրիր հինգ գոյական, հինգ ածական և հինգ բայ:

Գոյական-արծիվ, կաղնի, ժայռեր, անտառ, փոթորիկ:

Ածական-հսկա, գոռոզ, պարծենկոտ, անկոտրում, վիտխարի:

Բայ-վիճել, պարծենալ, տեսնել, ճանաչել, ապրել:

  • Ինչու՞ կաղնին չէր չորանում, թեև նա փոթորիկից շուռ էր եկել:

Թեև կաղնին շուռ էր եկել փոթորկից, բայց նրա արմատերը դեռ հողի մեջ էին և նա շարունակում էր դեռ կանաչել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով